Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեծ գաղափարն ու մանր կատարողները

Մեծ գաղափարն ու մանր կատարողները
12.12.2008 | 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ
19-րդ դարի վերջին, համոզվելով սլավոնաֆիլության` իբրև աշխարհաքաղաքական դոկտրինի ապարդյուն լինելու մեջ, ռուսական հակաարևմտյան արիստոկրատիայի ներկայացուցիչները փորձեցին ստեղծել եվրասիականության դոկտրինը։ Այն պիտի այլընտրանք հանդիսանար ռուսական բազմաշերտ մտավորականության արևմտյան գաղափարների մեջ երկրի համար ապագայի ճանապարհ տեսնելու որոնումներին։ Եվրասիականության գաղափարը մշակեցին փայլուն ուղեղներ` հենվելով ավելի մեծ ռուս մտածողների աշխատությունների վրա։ Սակայն եվրասիականության գաղափարը բոլորովին էլ ռուսական կայսերապետական գաղափարախոսության զուգահեռը չէ, առավել ևս չի կարող փոխարինել ռուսական պետությանը։ Խորհրդային գաղափարախոսներն ու աշխարհաքաղաքականության մասնագետները 1920-ական թթ., հետաքրքրվելով եվրասիականության գաղափարախոսությամբ, բավական արագ հրաժարվեցին այդ նախագծից։ Քանի որ պարզեցին, որ եվրասիականությունը վերջնականապես ջնջում է ռուսական բաղադրիչը խորհրդային համակարգի կառուցվածքից։ Մինչդեռ խորհրդային համակարգն իր մեջ ենթադրում էր ռուսական էթնիկ ազգայնականության որոշակի բաղադրիչ, եվրասիականությունը նշանակում էր Ռուսաստանում ռուսականության ոչնչացում։
Խորհրդային կայսրության փլուզման հետ մեկտեղ ռուսական պետության համար առաջացավ նոր աշխարհաքաղաքական գաղափարախոսության անհրաժեշտություն, և մի շարք առաջարկություններ հրատապորեն հաշվառելուց հետո կանգ առան սահմանափակ թվով գաղափարների վրա, որոնցից մեկն էլ եվրասիականությունն էր։ Այն հատուկ դոկտրին է Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ասիայի որոշակի մասի վրա տիրապետություն հաստատելու մասին, և այդ տարածքը հայտարարվում է իբրև գերիշխող մնացած աշխարհի վրա։ Հետևապես, ով վերահսկում է այդ տարածությունը, նա էլ, հայտնի իմաստով, տիրում է աշխարհին։ Ընդ որում, այս դոկտրինը չափազանց լեցուն է հակասական գաղափարախոսական դրսևորումներով, որոնք բխում են հետխորհրդային հասարակության բազմամիլիոն խմբի պահանջներից, որը շատ հեռավոր պատկերացումներ ունի սոցիալական ու քաղաքական դոկտրինների մասին ընդհանրապես։
Բորիս Ելցինի ռեժիմի` իշխանությունից հեռանալուց հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը շատ հեռու է համարժեք աշխարհաքաղաքական դոկտրինի մշակումից, իսկ «նոր կուրսի» կրողներն արտաքին և ներքին քաղաքականության փիլիսոփայական ձևավորման կարիքն ունեն։ Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանում կազմակերպվում են բեմադրություններ եվրասիականության գաղափարների քարոզչությամբ, սակայն այդ բեմադրությունների մասնակիցները շատ տարբեր կերպ են կատարում իրենց հանձնարարված դերերը։ Ոմանք միանգամայն անկեղծորեն հավատում են այդ բեմադրություններին, մյուսները դրանց վերաբերվում են նրբամիտ ցինիզմով։ Ներկայիս Ռուսաստանում կառավարում են բոլորովին էլ ոչ եվրասիականության կողմնակիցները, այլ նավթային, գազային, ալյումինային, մետալուրգիական, անտառային, ձկնարդյունաբերության, ոսկու և ադամանդի, ռազմարդյունաբերական, ռազմական, տեղեկատվական, հետախուզական-տեղեկատվական, կուսակցական-քաղաքական, տարածաշրջանային, էթնիկ և էթնիկ-կրոնական կորպորացիաները, որոնք տիրապետում են բազմամիլիարդ միջոցների և ահռելի լոբբիստական հնարավորությունների։ Այդ կորպորացիաներն արդեն փորձառություն են ձեռք բերել միանգամայն ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու առումով` տարբեր աշխարհաքաղաքական ուղղություններով, ու այդ պատճառով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն այդքան տարաբաժանված է և հակասական։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը բոլորովին էլ այն կազմակերպությունը չէ, ուր կենտրոնացած է արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ։ Ռուսական իշխանական կենտրոնների շուրջ ձևավորված են հզոր լոբբիստական ուժեր, որոնք տիրապետում են այնպիսի հնարավորությունների, ինչպիսիք երբեք չեն ունեցել լոբբիստները ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Եվրոպայում։ Ընդհանուր առմամբ, դրանում ոչ մի վատ բան չկա, ընդհակառակը` Ռուսաստանն այսօր խիստ կարիք ունի պետության, հասարակության և տարածության կազմակերպման գործիքների։ Կազմակերպական կառույցներում օլիգարխիական կոնտեքստը, ամենայն հավանականությամբ, ժամանակակից հետինդուստրիալ հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Սակայն որքանո՞վ են այդ կառույցներն ընդունակ միավորվելու աշխարհաքաղաքական դոկտրինների կրողների հետ։ Այս հարցը միշտ և մինչև մեր օրերը լուրջ պրոբլեմ է այնպիսի պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան (եվրոպացիների և ճապոնացիների համար այս իմաստով ավելի հեշտ է, որովհետև նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները զգալիորեն ավելի համեստ են, իսկ վերացարկման հնարավորություններն ավելի մեծ են)։
Այսպիսի անչափ բարդ իշխանական կոնֆիգուրացիայի պայմաններում, որ ներառում է մեծ մասամբ մասնավոր հետաքրքրություններ, հեշտից էլ հեշտ է Մոսկվայում և մարզերում գրասենյակներ վարձելը և տարվա մեջ մեկ անգամ շնորհանդեսային ֆուրշետներ կազմակերպելը, որտեղ ավանդաբար ներկա են լինում նախարարներ ու նահանգապետներ, հոգևորականներ և ցնորամիտ գուշակներ։ Կազմակերպված է հրատարակչական գործունեությունը, և չափազանց հետաքրքիր աշխատությունների կողքին հրապարակվում է մարգինալ գրականություն, որը հագեցած է էկլեկտիկայով, հորինված գաղափարներով ու հղումներով Աբակում ավագերեցին և Գապոն քահանային։ Հետաքրքրական է, որ ժամանակակից եվրասիականության առաջնորդները, երկար ու ձանձրալի խոսելով ուղղափառության մասին, հարում են պարզունակ աղանդավորությանը։ Փորձ է արվում ստեղծել եվրասիական ուղղվածությամբ համառուսական քաղաքական կուսակցություն։ Սակայն եվրասիականության ժամանակակից առաքյալներն ակնհայտորեն ավելիին, հատուկ մեսիայի են հավակնում, բայց ոչ մի բան չի ստացվում, և ամեն ինչ, ի վերջո, հանգում է մոսկովյան խմբակային պարզունակության։ Սակայն այս ցուցափեղկային եվրասիականության կողքին գոյություն ունի այլ եվրասիական «կուսակցություն», որը ներկայացնում է միլիոնավոր ռուս մարդկանց, իրենց երկրի իսկական հայրենասերներին, ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքը ցանկացած հակառակորդից ինչպես Արևելքից, այնպես էլ Արևմուտքից։ Եվ որքան էլ առաջնորդները փորձեն իրենց համար աշխարհիկ հեղինակություն ստեղծել, նրանցից, ինչպես նախկինում, աղանդավորության հոտ է գալիս։ Հետաքրքիր է, որ դեռևս անցյալ դարի սկզբին այն ժամանակվա Ռուսաստանի աշխարհաքաղաքական դոկտրիններին և դրանց կրողներին քաջատեղյակ ՄԱՐԻԵՏԱ ՇԱՀԻՆՅԱՆՆ այդ կապակցությամբ ասել է. «Այդ խելոքներն ամեն կերպ փորձում են ամոթխածորեն թաքցնել սեփական ժողովրդից ունեցած վախը։ Նրանց հարմար է սալոնային բանաստեղծությունների ու ռոմանսների ներքո անվերջ դատարկաբանել եվրասիականության` Ռուսաստանի ապագայի վերաբերյալ այդ հիվանդագին պատկերացման մասին, որը սնանկացած ազնվականների, մի թեթև ցնդած ռազնոչինցիների և աղանդավորների վերջին հանգրվանն է»։
Ներկայումս եվրասիականության գաղափարը սեփականել են մի խումբ ֆունկցիոներներ, որոնք ինքնահավան մեծահասակ անչափահասներ են` պատրաստ ընդառաջելու ցանկացած առաջարկի։ Հենց դա է տեղի ունեցել անցած 15 տարիներին, և հենվել են ում վրա պատահի։ Այդ մարդկանց խմբի համար գրավչություն ստեղծող գործոններից մեկը եղել է քաղաքական գործունեության, քաղաքական իրադարձությունները համարժեք գնահատելու և, առավել ևս, վերլուծելու նրանց բացարձակ անընդունակությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ եվրասիականության այդ կողմնակիցների մի մասը որոշակի հանգամանքներում ընդհանրապես անգործունակ համարվի։ Ինչպես նաև նրանք, ովքեր իբրև գաղափարախոսություն և դոկտրին են ընտրել ոչ թե եվրասիականությունը, այլ ռուսական ազգայնականությունը և ոչ անմիջապես, բայց լիովին ու հաջողությամբ հայտնվել են ատելի հրեական կապիտալի վերահսկողության ներքո։ Ռուսական քաղաքական ազգայնականությունը չի կայացել, այլ ընդամենը ծառայամտորեն զիջել է իր տեղը նրանց, ովքեր սպեկուլյացիա են անում արդեն եվրասիականությամբ։
Սակայն սպեկուլյացիա կարելի է անել իրական գործընկերների և հովանավորների հետ, ու այդպիսիք գտնվեցին` ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի։ Ռուսաստանում «եվրասիական շարժման» ներկայիս փուլը բնութագրվում է Թուրքիայի հետ սկսված մեղրամսով, հնարավոր է` «Գազպրոմի» փոխանցմամբ։ Թեկուզև օրթոդոքս եվրասիականության կողմնակիցները երկար տարիներ խարազանում էին Թուրքիային` որպես «քաղաքակրթական առումով տարաբաժանված» երկրի տիպի արևմտականացած պետության, որը ԱՄՆ-ի և ատլանտիզմի գործակալն է։ Ի՞նչ կասեր այժմ եվրասիականության դոկտրինի հիմնադիր հայրերից իշխան Տրուբեցկոյը Կոստանդնուպոլսի մասին։ Եթե ժամանակակից եվրասիականությունն արդեն անհամապատասխան է իր գաղափարախոսությանը, ապա գուցե արժե՞ր անցնել այլ տերմինի օգտագործման, ինչպիսին է, օրինակ, «կորպորատիվիզմը»։ Այսօր առաջադրվում է գաղափար, թե իբր Թուրքիայի հետ բարեկամությունն այն հնարքն է, որի շնորհիվ կարելի է ինքնաբերաբար լուծել պրոբլեմները Կենտրոնական Ասիայում, Կովկասում և նույնիսկ իսլամական աշխարհում, թեպետ ավելի հիմար բան մտածելն անհնարին է։ Ռուսաստանի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի և կովկասյան ժողովուրդների հետ, անկասկած, ինքնաբավ են։ Թուրքիան, իբրև «միջնորդ» այդ հարաբերություններում, կարող է միայն հավանոց մտած աղվեսի դերակատարություն ունենալ։ Իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը բարձր չէ, ինչպես և խիստ կասկածելի է նրա քաղաքական ազդեցությունը։ Թուրքիան, պանթուրքիզմի դոկտրինից բացի, վաղուց իր մեջ կրում է նաև նեոօսմանիզմի դոկտրինը, որն ուղղված է ոչ միայն լեզվական առումով իրեն հարազատ ժողովուրդների, այլև կովկասյան և բալկանյան ժողովուրդների ձուլմանը, որոնք ապրում են Օսմանյան կայսրության նախկին սահմանների շրջագծում։ Այդ ինչո՞ւ պետք է Թուրքիան Ռուսաստանի հետ «կիսի» իր «ազդեցության» գոտիները, թեպետ սա ավելի մեծ պատմության նյութ է։
Ռուսաստանը եվրասիական երկիր է։ Այս հարցում կասկած լինել չի կարող։ Եթե Ռուսաստանին հաջողվելու է պահպանել մեծ տերության իր կարգավիճակը, ապա ոչ աշխարհաքաղաքական երկիմաստության ուղիների վրա, այլ հենց եվրասիական պարադիգմում։ Հենց Ռուսաստանի նկատմամբ, որն իր վրա է կրում եվրասիական ամբողջ լարվածությունը, իրական հետաքրքրություն կա և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում։ Միայն եվրասիական Ռուսաստանն է ընդունակ ձեռք բերելու հավատարիմ դաշնակիցներ, ինչպես Ռուսական կայսրությունը դա անում էր 300 տարի շարունակ։ Ինչպես ժամանակին արտահայտվել է Նիկոլայ Գոգոլը, «Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ եթե որևէ կոլեգիական խորհրդականի մասին ինչ-որ վատ բան ասվի, բոլոր կոլեգիական խորհրդականները Պետերբուրգից մինչև Կամչատկա դա կվերագրեն իրենց»։ Այդ իսկ պատճառով թողնենք «եվրասիացիներին» իրենց եվրասիական գաղափարը` ստամբուլյան շուկաներով ու Անթալիայի լողափերով։ Եվրասիականությունն իրականում գլխավոր քննությունն է, որ ռուսական հասարակության առջև կանգնած է 21-րդ դարի սկզբին, և ցանկություն կա հավատալու, որ այդ քննությունը կհանձնվի պատվով։
Միաժամանակ չպետք է մոռանալ, որ եվրասիականությունը միայն ռուսական դոկտրին չէ։ Ռուսական եվրասիականությանն իրենց քաղաքական-գաղափարախոսական բովանդակությամբ շատ մոտ են այն դոկտրինները, որոնք մշակվել են ոչ մեծ ասիական երկրների մայրաքաղաքներում։ Կազանում և ՈՒֆայում այդ կապակցությամբ այլ բան են մտածում, ինչը միանգամայն օրինաչափ է և հիմնավորված։ Այդ եվրասիական մայրաքաղաքների ինտելեկտուալներին ամեն ինչ այլ կերպ է ներկայանում, և նրանք կարծում են, թե որքան էլ ռուսները խոսեն եվրասիականության մասին, վերջնահաշվում Եվրասիան պատկանում է իրենց։ Եվրասիայում իրենց պատվավոր տեղի մասին խոսակցություններ կարելի է լսել ոչ միայն հարաբերական իմաստով, կարևոր կենտրոններում, որ գտնվում են Վոլգայի ափին, այլև նույնիսկ Տուվայում ու Կալմիկիայում, և այդ ամենը բոլորովին էլ էկզոտիկա չէ։ Բարոն ՈՒնգերնը, որին դժվար է կասկածել օպորտունիզմի կամ էլ եվրասիականության գաղափարներին դավաճանելու մեջ, հիանալի գիտեր, որ միայն բարոյապես մաքուր Սիբիրի ու Հեռավոր Արևելքի տարածություններում է հնարավոր հուսալ եվրասիական պետության կառուցումը, որն այդպիսին կլիներ ըստ իր էության և ոգու։ Եվրասիականության կողմնակիցների փորձերն այս դոկտրինը լոկալիզացնելու ուղղությամբ` թեկուզև դրա սկզբնական թռիչքն ապահովելու համար, ոչ այլ ինչ են, եթե ոչ խոստովանություն, որ ռուս ժողովուրդը դա իրագործելու ընդունակ չէ։ Ներկայիս Ռուսաստանը, նրա վերնախավն ու քաղաքական դասակարգն ավելի ու ավելի են յուրացնում և բնութագրվում իրենց պահվածքով որպես ընդօրինակողներ, որոնք հաջողությամբ կառավարման ոլորտում իրենց պահելաձևում կրկնօրինակում են ոչ թե արևմտյան կարծրատիպը, այլ բուն ամերիկյան հասարակական-էթնիկական ստիլիստիկան։ Չնայած եվրասիականության գաղափարի մինչև այժմ չտեսնված քարոզչական հաջողությանը, այն առայսօր շարունակում է մնալ կարգախոս, գեղեցիկ պիտակ, որ փոխարինում է վերացական կայսերական գաղափարին, և որն ավելի ու ավելի քիչ է տիրապետում քայքայվող, 30-40 տոկոսով թմրանյութերից կախվածություն ունեցող, իր անցյալն ու ապագան չգիտակցող ժողովրդի ուղեղներին։ Եվրասիականությունը կայսերական գաղափար է, բայց ոչ կենցաղային, մանրախնդիր ու նախանձ ժողովրդի համար, որն արդեն անցել է հավատի ու նպատակի կորստի մղձավանջի միջով։
Թեպետ դեռ հույս կա, որ կստեղծվի դաշինք «վարած դաշտի ու տափաստանի» միջև, և այդ հույսը կապված է ոչ թե Արևմուտքից, այլ Արևելքից եկող վտանգի հետ։ Քանզի «տափաստանի» և «վարելահողի» թշնամին Չինաստանն է, որն ինքն է կառուցում սեփական եվրասիականության դոկտրինը, սակայն արդեն բոլորովին այլ քաղաքական-գաղափարախոսական հիմքի վրա։ Գերիշխանության հասնելով Եվրասիայում` Չինաստանը չի խնայելու ոչ սլավոններին, ոչ էլ տափաստանում բնակվող ժողովուրդներին։ Չինաստանը, լավագույն դեպքում, նրանց համար լայն իրավունքներով ինքնավարություններ կստեղծի` ինքնորոշման սկզբունքների հիման վրա, սակայն ոչ թե Տիբեթում, այլ Գոբի անապատում։ Ճակատագրական հողերը նախատեսված են ճակատագրական գաղափարների համար։ Արևելքից բխող վտանգը մոտենում է, բայց անգամ դրա գիտակցման համար չկա ոչ ուժ, ոչ էլ ժամանակ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3813

Մեկնաբանություններ